Սեպտեմբերի 24-ին  FPWC-ի «Աղքատության կրճատումն Ուրծաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» նախագիծը ներկայացավ «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն»-ին։

Փառատոնին ներկայացվեցին էկո արտադրանքների նախատիպերը, որոնք  կսկսեն տեղական և միջազգային շուկայում շրջանառվել հաջորդ տարի: Չիր, խոտաբույս, թեյ, մեղր․փառատոնին ներկայացված տեսականուց բացի նախագիծը ներառում է նաև էկո և ագրոտուրիզմի, օրգանական գյուղատնտեսության, եթերային յուղերի մշակության,   համակարգչային և անգլերենի դասընթացներ՝ մասնակից համայնքների բնակիչների համար։

Դասընթացների ընթացքում տեղաբնակներին տրամադրվել են անհրաժեշտ գիտելիքներ՝ բիզնես նախագծերի մշակման և իրականացման համար։ Տեղաբնակների կողմից ներկայացվող բիզնես նախագծերի հետագա ֆինանսավորմամբ FPWC-ն նպատակ ունի համայնքային փնջում երկարաժամկետ տնտեսական աճ գրանցել՝ խրախուսելով մանր ձեռնարկատիրության զարգացումը։

Նախագիծը մեկնարկել է 2016-ի մայիսին և իրականացվում է Արարատի մարզի Ուրծաձոր, Շաղափ, Լուսաշող և Լանջանիստ համայնքներում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։

«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն»-ը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ՝ «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության կողմից։ Այս տարի ավելի քան 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր էին մասնակցում միջոցառմանը։